Բլոգ 📚🎓

Ի՞նչ է բաժնետոմսը

Բաժնետոմսն արժեթուղթ է, որը ցույց է տալիս բաժնետիրոջ սեփականության մասնաբաժինը տվյալ ընկերության կապիտալում:
Որևէ բաժնետիրական ընկերության բաժնետոմս ձեռք բերողն իրավունք ունի՝
  • Շահութաբաժնի ձևով ստանալ մաս ընկերության շահույթից,
  • Մասնակցել ընկերության գործերի կառավարմանը,
  • Լուծարումից հետո ստանալ մաս ընկերության գույքից։
Բաժնետոմսերը ներդրումային ամենատարածված և հասանելի գործիքներից են:

Բաժնետոմսերի տեսակները

Բաժնետիրական ընկերությունում ներդրումներ կատարելու համար շատ կարևոր է բաժնետոմսերի տեսակները հասկանալը։ Ըստ բաժնետիրոջ ունեցած իրավունքների՝ տարբերակվում են հասարակ և արտոնյալ բաժնետոմսեր։

Հասարակ բաժնետոմսեր

Հասարակ բաժնետոմսերի տերերն իրավունք ունեն մասնակցել ընկերության ղեկավարմանը՝ քվեարկելով բաժնետերերի ընդհանուր ժողովում, ինչպես նաև շահաբաժինների տեսքով ստանալ շահույթ, եթե այդպիսի որոշում կայացվի:

Արտոնյալ բաժնետոմսեր

Արտոնյալ բաժնետոմսեր ձեռք բերած անձինք սովորաբար չեն ունենում ձայնի իրավունք բաժնետերերի ընդհանուր ժողովում, բայց շահաբաժին ստանում են ավելի շուտ, քան հասարակ բաժնետոմսերի տերերը։ Բացառություն են այն դեպքերը, երբ ընկերությունը որոշում է հաշվետու ժամանակաշրջանի համար շահաբաժիններ չվճարել։ Բացի այդ՝ արտոնյալ բաժնետոմս ձեռք բերողները հասարակ բաժնետոմսերի տերերի նկատմամբ առաջնահերթություն ունեն նաև ընկերության լուծարման, այդ թվում՝ սնանկության ժամանակ գույքի բաշխման առումով։

Ինչպե՞ս գումար վաստակել բաժնետոմսերով

Խոշոր ֆոնդային փաթեթների ձեռքբերողները կարող են ակտիվ դեր ունենալ ընկերության ղեկավարման գործընթացում՝ ազդելով որոշումների կայացման գործընթացի վրա: Մինչդեռ մանրածախ ներդրողի համար առավել դժվար է հասկանալ՝ ինչպես գնել բաժնետոմս, որը կապահովի բարձր եկամուտ։ Այս դեպքում պետք է նախ նկատի ունենալ, որ որևէ նշանակալի ընկերության բաժնետոմսեր գնելիս օգուտը կազմված է 2 բաղադրիչից՝
Գնի բարձրացումից – Բաժնետոմսերը վաճառվում են բորսաներում, և դրանց շուկայական գինը որոշվում է առաջարկով և պահանջարկով: Ժամանակի ընթացքում այն ​​կարող է զգալիորեն տատանվել: Գնելով բաժնետոմսը ավելի ցածր գնով և վաճառելով այն ավելի բարձր գնով՝ ներդրողը կարող է գումար վաստակել՝ հիմնվելով այս տարբերության վրա։
Օրինակ՝ եթե արժեթղթի գնման գինը 100 դոլար է, իսկ վաճառքի գինը՝ 110 դոլար, ապա մաքուր եկամուտը կկազմի 10 դոլար կամ 10%:
Շահաբաժիններից - Կազմակերպությունների մի մասը, որոնց բիզնեսը կայուն է, որպես կանոն, իրենց շահույթի մի մասը շահաբաժինների տեսքով կանոնավոր կերպով բաշխում են բաժնետերերին։ Նման վճարումները նույնպես կազմում են ներդրողի եկամուտը։
Օրինակ, եթե ներդրողը բաժնետոմս է գնել 100 դոլարով, իսկ ընկերությունը վճարում է տարեկան 5 դոլար շահաբաժին մեկ բաժնետոմսի համար, ապա ներդրողի եկամուտը կկազմի 5 դոլար, իսկ եկամտաբերությունը՝ տարեկան 5%:

Ինչպե՞ս գնել բաժնետոմս

Բաժնետոմսերի մեծ մասը վաճառվում է բորսայում, սակայն սովորական ներդրողը չի կարող դրանք ուղղակիորեն գնել: Դա անելու համար նա պետք է օգտվի բրոքերի՝ ֆոնդային շուկայում միջնորդի ծառայություններից։ Նման միջնորդ է UNIBANK Invest-ը:

Ռիսկեր

Բաժնետոմսերը ներդրողի համար բարձր եկամուտ ապահովելու ներուժ ունեն, սակայն այդ եկամուտները երաշխավորված չեն: Եթե պատրաստվում եք կատարել ներդրումներ արժեթղթերում, պետք է նախապես իմանալ, որ բաժնետոմսերը ներառում են մի շարք ռիսկեր`
Շուկայական ռիսկ - Բաժնետոմսերի շուկայական արժեքը ժամանակի ընթացքում անընդհատ փոխվում է։ Այն կարող է կա՛մ աճել, կա՛մ նվազել՝ կախված բազմաթիվ գործոններից։ Այդ գործոնները կարող են ունենալ մակրոտնտեսական բնույթ կամ պայմանավորված լինել ընկերության ներքին վիճակով: Եթե շուկայում կամ ընկերության ներսում անբարենպաստ դրություն է, ներդրողի համար բաժնետոմսի վաճառքի գինը կարող է ցածր լինել գնման գնից։
Իրացվելիության ռիսկ - Իրացվելիությունը նվազագույն գնով բաժնետոմս գնելու կամ վաճառելու ունակությունն է: Ամերիկյան կամ եվրոպական խոշոր բորսաներում վաճառվող հանրաճանաչ բաժնետոմսերը, ինչպիսիք են Apple-ը կամ Microsoft-ը, ամենաքիչն են ենթարկվում այս ռիսկին: Այլ է պատկերը փոքր ընկերության արժեթղթերի պարագայում։ Եթե ներդրողը գնում է այսպիսի ընկերության բաժնետոմսեր, վաճառքի պահին կարող է բախվել այն փաստի հետ, որ դրանց համար գնորդ չի լինի, և նա ստիպված կլինի զգալի զեղչ առաջարկել:
Վարկային ռիսկ - Բաժնետիրական ընկերությունը կարող է սնանկանալ՝ առաջ բերելով բաժնետոմսերի շուկայական արժեքի կտրուկ անկում։ Նման դեպքերում միակ բանը, որ կարող է անել բաժնետերը, սնանկացումից հետո ընկերության գույքի մի մասը պահանջելն է։
Մեկ կամ մի քանի ռիսկերի իրականացումը ներդրողի համար կարող է կորուստների պատճառ դառնալ։ Անհնար է ամբողջությամբ ապահովագրվել նման հետևանքներից, սակայն դրանց հավանականությունը կարելի է նվազագույնի հասցնել։ Դա անելու համար պետք է հետևել մի քանի կանոնների.
Դիվերսիֆիկացում - Սկզբունք, որը նկարագրվում է «Մի՛ պահեք բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ» հայտնի ասացվածքով։ Եթե ​​Ձեր միջոցները բաշխեք տարբեր ընկերությունների բաժնետոմսերի միջև, ապա դրանցից մեկի հետ կապված խնդիրները նկատելի վնաս չեն պատճառի մյուսներին։
Երկարաժամկետ ներդրումներ արժեթղթերում - Եթե ​​կարճաժամկետ կտրվածքով բաժնետոմսերի գինը կարող է նկատելի տատանվել, ապա ավելի երկար ժամանակահատվածում, օրինակ, 3 տարում, որպես կանոն, բաժնետոմսերը դրական եկամուտներ են ապահովում:
Ձեռքը պահեք փոփոխությունների զարկերակին - Բաժնետոմսերում ներդրումներ կատարելիս ներդրողը պետք է կանոնավոր կերպով տեղեկացված լինի շուկայի պայմաններին և ընկերության նորություններին: Սա կօգնի անբարենպաստ իրավիճակի դեպքում արագ որոշումներ կայացնել և նվազագույնի հասցնել հնարավոր բացասական հետևանքները:
Ցանկանո՞ւմ եք ավելի մանրամասն տեղեկություն ստանալ, թե ինչ է բաժնետոմսը, գումար վաստակելու ինչ հնարավորություններ են ենթադրում բաժնետոմսերի տեսակները կամ ինչպես կարող եք գնել բաժնետոմսեր, որոնք կապահովեն հնարավոր բարձր եկամուտ։ Սկսեք Ձեր ներդրումային ուղին մեզ հետ։
Բացեք անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտ կամ զանգահարելով +374 43 004 382 հեռախոսահամարին։