Ընկերությունն իր տնտեսական գործունեության ընթացքում շահույթ է ստանում։ Նա կարող է իր վաստակած միջոցներով բազմաբնույթ ներդրումներ կատարել՝ հօգուտ հետագա զարգացման կամ կիսել դրանք բաժնետերերի հետ:
Շահաբաժին - ընկերության շահույթի մի մասն է, որը բաշխվում է սեփականատերերի միջև՝ նրանց բաժնետոմսերի քանակի համամասնությամբ: Դրանք կարող են վճարվել եռամսյակային, կիսամյակային կամ տարեկան կտրվածքով: Կարող են սահմանվել նաև միանվագ հատուկ շահաբաժիններ:
Որպես կանոն, շահաբաժիններ վճարում են այն ընկերությունները, որոնք ծավալում են կայուն, շահութաբեր բիզնես։ Այդպիսիք հաճախ ներկայացնում են հեռահաղորդակցության, նավթի և գազի, մետալուրգիական, սպառողական ապրանքների, բնակարանային և կոմունալ ծառայությունների կամ առողջապահության ոլորտները: Շահաբաժիններ վճարող ընկերությունների բաժնետոմսերը պակաս անկայուն են, այսինքն՝ արագ աճ չեն ցուցաբերում, բայց միևնույն ժամանակ ավելի քիչ են ենթարկվում ուժեղ անկումների։
Շահաբաժնային բաժնետոմսեր գնելը ներդրողին թույլ է տալիս երկարաժամկետ պորտֆել կառուցել՝ կայուն դրամական հոսքեր ստանալու հնարավորությամբ:
Այժմ, երբ ունենք ընդհանուր պատկերացում այն մասին, թե ինչ է շահաբաժինը, ուսումնասիրենք՝ ինչպես ճիշտ ընտրել շահաբաժնային բաժնետոմսեր և վաստակել դրանց միջոցով։
Ինչպե՞ս ընտրել շահաբաժնային բաժնետոմսեր
Շահաբաժինների վճարումն ընկերության իրավունքն է, բայց ոչ պարտավորությունը: Եթե օրինակ նախկինում շահութաբեր բիզնես վարող ընկերության ֆինանսական վիճակը վատանա, ղեկավարությունը կարող է որոշել նվազեցնել վճարումների չափը կամ ընդհանրապես ոչինչ չվճարել: Շահաբաժինների վճարման կարգը նույնպես ըստ ընկերության շահութաբաժնային քաղաքականության կարող է տարբեր լինել։ Հետևաբար, կարևոր է ուշադիր ընտրել բաժնետոմսերը, որոնք նախատեսում եք ներառել Ձեր շահաբաժնային պորտֆելում:
1. Գնահատեք ակնկալվող շահաբաժինների չափը: Քանի որ վճարումները կատարվում են ներդրողի ունեցած բաժնետոմսերի քանակի համամասնությամբ, հատուկ ուշադրություն պետք է դարձնել ոչ թե շահաբաժնի բացարձակ արժեքին, օրինակ՝ մեկ բաժնետոմսի համար 5 դոլար, այլ հարաբերական արժեքին, այսինքն՝ շահաբաժնի եկամտաբերությանը: Շահաբաժինների եկամտաբերությունը շահաբաժնի հարաբերակցությունն է արժեթղթի գնին:
Օրինակ, եթե ընկերությունը վճարում է 5 դոլար մեկ բաժնետոմսի համար, իսկ բաժնետոմսի գինը կազմում է 100 դոլար, ապա շահաբաժնային եկամտաբերությունը կազմում է 5%:
Ընտրեք շահաբաժնային եկամտաբերության՝ Ձեզ համար ընդունելի մակարդակ:
2. Ծանոթացեք ընկերության ֆինանսական վիճակին։ Որքան կայուն է ընկերությունը, այնքան մեծ է դիվիդենտներ վճարելու հավանականությունը։ Կայունությունը և շահութաբեր բիզնեսը այդ դեպքում խիստ կարևոր գործոններ են։
3. Ծանոթացեք շահաբաժիններին վերաբերող ընկերության փաստաթղթերին: Շահութաբաժնային քաղաքականությունը առանցքային փաստաթուղթ է, որը որոշում է շահաբաժինների վճարման կարգը, պայմանները, ժամկետները և չափը։ Այնուամենայնիվ, այս փաստաթուղթը նկարագրում է ընդհանուր մոտեցումը, իսկ կոնկրետ վճարման մասին որոշումը կայացնում է բաժնետերերի ընդհանուր ժողովը: Ընդհանուր ժողովների արձանագրությունները կարելի է գտնել թողարկողի կայքում՝ բաժնետերերի և ներդրողների համար բաժնում:
4.Ուսումնասիրել ընկերության շահաբաժինների վճարումների պատմությունը: Կայուն վճարումների երկար պատմությունը ընթացիկ ժամանակահատվածում շահաբաժիններ ստանալու մեծ հնարավորություն է տալիս: Ընկերությունները, որոնք կանոնավոր կերպով ավելացրել են իրենց շահաբաժինների վճարման մակարդակները 25 տարի շարունակ, կոչվում են «Շահութաբաժինների արիստոկրատներ», իսկ այն ընկերությունները, որոնք ավելացնում են իրենց շահաբաժինների վճարումները ավելի քան 50 տարի՝ «Շահաբաժինների թագավորներ»:
Ինչպե՞ս գումար վաստակել շահաբաժինների միջոցով
Շահաբաժնային բաժնետոմսերի ընտրությունից հետո ներդրողը կարող է սկսել բաժնետոմսերի գնումը: Դա անելու համար կարևոր է հասկանալ մի շարք կետեր`
Բաժնետերերի ռեգիստր: Շահութաբաժինների իրավունք ունեն այն բաժնետերերը, ովքեր ընդգրկված են գրանցամատյանում որոշակի ամսաթվով, որը սահմանում է բաժնետերերի ընդհանուր ժողովը: Հետևաբար, ներդրողը պետք է նախօրոք բաժնետոմսեր գնի այս ռեգիստրում հայտնվելու համար:
Առևտրի ռեժիմ: Տարբեր հարթակներում առևտուրը կարող է իրականացվել T+1 կամ T+2 ռեժիմներով, այսինքն՝ բաժնետոմսերի գործարքի վերջնական հաստատումը (Settlement) կատարվում է գնման օրվանից 1 կամ 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Համապատասխանաբար, ներդրողը, ով նախատեսում է ընդգրկվել ռեգիստրում շահաբաժիններ ստանալու համար, պետք է գնի բաժնետոմսեր այս հաշվարկով։
Շահաբաժինների բացը: Բաժնետերերի ռեգիստրի փակումից անմիջապես հետո բաժնետոմսերն էժանանում են մոտավորապես շահաբաժինների վճարման չափով։ Հետևաբար, մինչև ռեեստրի փակումը բաժնետոմս գնելու և անմիջապես հետո վաճառելու ռազմավարությունը արդյունք չի բերի։ Որպես կանոն, բաժնետոմսերը վերականգնվում են գնով, սակայն դա կարող է որոշ ժամանակ պահանջել, երբեմն՝ երկար: Ընդհանուր առմամբ, դիվիդենտային բաժնետոմսեր գնելը երկարաժամկետ ռազմավարություն է:
Շահաբաժինների վճարման ամսաթիվը: Շահաբաժինների փաստացի վճարումը տեղի է ունենում ոչ թե ռեգիստրի փակման օրը, այլ ավելի ուշ՝ սովորաբար 1-2 ամսվա ընթացքում:
Ռիսկերը
Թեև շահաբաժիններն ապահովում են որոշակի կայունություն և կանխատեսելիություն դրամական միջոցների հոսքերում, շահաբաժնային բաժնետոմսերի գնումը որոշակի ռիսկեր է պարունակում:
Շահաբաժինների չափի կրճատման կամ դրանց ամբողջական չեղարկման ռիսկ: Ընկերության ֆինանսական անկայուն վիճակը կարող է ստիպել նրան ճշգրտել բաժնետերերին վճարումների հետ կապված իր ծրագրերը:
Բաժնետոմսի գնի անկման ռիսկ: Մի շարք անբարենպաստ գործոնների դեպքում բաժնետոմսերի գները կարող են նվազել, ինչը չի կարող փոխհատուցվել շահաբաժինների մակարդակով։
Սկսեք ներդրումներ կատարել այսօրվանից։ Բացեք անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382 հեռախոսահամարով: