Բլոգ 📚🎓

Բրոքեր: Ո՞վ է բրոքերը և ո՞րն է նրա դերը

բրոքերային ծառայություններ
Բրոքեր - Մասնագետ կամ կազմակերպություն, որը մատուցում է միջնորդի ծառայություններ գնորդի և վաճառողի միջև ֆինանսական շուկաներում կատարվող գործարքներում: Բրոքերը ֆոնդային շուկայի ենթակառուցվածքի կարևոր մաս է: Սովորական ներդրողը չի կարող ձեռք բերել արժեթղթեր բորսաներից: Դրանց հասանելիությունն ապահովում է բրոքերը: Վերջինս մատուցում է բրոքերային ծառայություններ՝ կատարելով հետևյալ գործառույթները:
  1. Հանձնարարականների կատարում: Բրոքերը ընդունում է հաճախորդների հանձնարարականները և իրականացնում դրանք ֆինանսական շուկայում՝ ապահովելով դրանց կատարումը լավագույն հասանելի գնով:
  2. Տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում: Բրոքերը հաճախորդներին տրամադրում է տեղեկատվություն ֆինանսական գործիքների, շուկաների և շուկայական ռազմավարությունների, ինչպես նաև օպտիմալ ներդրումային որոշումների կայացման մասին:
  3. Պորտֆելի կառավարում: Որոշ բրոքերներ առաջարկում են ներդրումային պորտֆելների կառավարման ծառայություններ՝ ստանձնելով ակտիվների ընտրության և ներդրումային ռազմավարությունների պատասխանատվությունը:
  4. Իրացվելիության ապահովում: Բրոքերները կարևոր դեր են խաղում ֆինանսական շուկայում իրացվելիության ապահովման տեսանկյունից՝ ապահովելով ակտիվների արագ առքի և վաճառքի հնարավորություն:
  5. Հետևողականություն կարգավորիչ պահանջներին: Բրոքերները պետք է հետևեն ֆինանսական կարգավորողների կանոններին և պահանջներին, ինչպիսիք են լիցենզավորումը, հաշվետվողականությունը և հաճախորդների շահերի պաշտպանությունը:
  6. Առևտրային հարթակների տրամադրում: Բրոքերները հաճախորդների համար ապահովում են հասանելիություն առևտրային հարթակներին, որոնց միջոցով նրանք կարող են իրականացնել գործարքներ և հետևել ներդրումների կարգավիճակին:
  7. Ուսուցանում և վերլուծություն։ Որոշ բրոքերներ հաճախորդներին առաջարկում են ուսուցանող նյութեր և վերլուծական հաշվետվություններ՝ օգնելով ավելի լավ հասկանալ շուկան և կայացնել հիմնավորված ներդրումային որոշումներ։

Միջնորդավճարներ

Բրոքերի գործունեությունն անվճար չէ։ Նա մատուցված ծառայությունների դիմաց գանձում է միջնորդավճարներ։

Գործարքի (փոխանցման) միջնորդավճար

Վճար, որը բրոքերը գանձում է ֆինանսական շուկայում գործարքի իրականացման համար։ Միջնորդավճարը կարող է արտահայտված լինել ինչպես հստակ գումարի չափով, այնպես էլ գործարքի ծավալի տոկոսային հարաբերակցությամբ։

Հաշվի սպասարկման միջնորդավճար

Այս միջնորդավճարը բրոքերները գանձում են հաճախորներից բրոքերային հաշիվներ վարելու և սպասարկելու համար։ Գանձումը կարող է կատարվել ինչպես ամեն ամիս, այնպես էլ տարեկան մեկ անգամ։

Միջոցների ելքագրման միջնորդավճար

Այս միջնորդավճարը գանձվում է հաճախորդի հաշվից գումարի ելքագրման և այլ հաշիվներին կամ վճարային համակարգերին փոխանցման դեպքում։

Առևտրային հարթակի օգտագործման միջնորդավճար

Որոշ բրոքերներ գանձում են միջնորդավճարներ իրենց առևտրային հարթակների օգտագործման կամ լրացուցիչ գործառույթների և գործիքների հասանելիություն ապահովելու համար։
Ո՞վ է բրոքերը

Արժեթղթերի պահառության միջնորդավճար

Եթե հաճախորդի ներդրումների պահառությունն իրականացնում է բրոքերը, ապա նրանից այդ նպատակով կարող է գանձվել համապատասխան միջնորդավճար։

Պորտֆելի կառավարման միջնորդավճար

Որոշ բրոքերներ առաջարկում են ներդրումային պորտֆելի կառավարման ծառայություններ՝ միջնորդավճարի դիմաց, որը հիմնականում արտահայտվում է տոկոսներով՝ կախված կառավարվող պորտֆելի չափերից։

Ինչպե՞ս ընտրել ճիշտ բրոքեր

Հաջող ներդրումների գրավականներից մեկը հուսալի բրոքեր ընտրելն է։ Ճիշտ ընտրված բրոքերը ձեր կողքին է ներդրումային գործունեության բոլոր փուլերում՝ բրոքերային հաշիվ բացելուց մինչև ներդրումների կառավարում։ Հաջորդող չափանիշները կօգնեն կատարել համապատասխան ընտրություն։
  1. Հեղինակություն և հուսալիություն։ Հետազոտեք բրոքերի հեղինակությունը և նրա պատմությունը շուկայում։ Ստուգեք՝ արդյոք լիցենզավորված է բրոքերը և կարգավորվում է համապատասխան ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Հաճախորդների կարծիքները և գնահատականները ևս կօգնեն բրոքերի հուսալիության գնահատման հարցում։
  2. Ծառայությունների արժեքը։ Համեմատեք բրոքերի կողմից գանձվող միջնորդավճարները և այլ վճարները։ Հետևեք ոչ միայն գանձվող միջնորդավճարների չափերին, այլ նաև գանձման պրոցեսի թափանցիկությանը և ազնվությանը։
  3. Ակտիվների տեսակները և շուկաները։ Համոզվեք, որ բրոքերը ապահովում է հասանելիություն այն ակտիվներին և շուկաներին, որոնցում Դուք ցանկանում եք ներդրումներ կատարել, օրինակ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ֆոնդեր, հումքային ապրանքներ և կրիպտոարժույթներ։
  4. Առևտրային հարթակներ և տեխնոլոգիաներ։ Գնահատեք բրոքերի ներկայացրած առևտրային հարթակի հարմարավետությունը և ֆունկցիոնալությունը։ Համոզվեք, որ պլատֆորմը հարմար է Ձեր առևտրային ռազմավարություններին և պահանջներին։ Եթե Դուք ցանկանում եք կատարել գործարքներ առանց համակարգչի, հստակեցրեք՝ բրոքերը ապահովում է բջջային հավելված թե ոչ։
  5. Հաճախորդների սպասարկումը։ Ստուգեք բրոքերի կողմից հաճախորդների սպասարկման որակը։ Հաճախորդներին աջակցելու պատասխանատվությունը, արդյունավետությունը, հասանելիությունը կարևոր դեր են խաղում, հատկապես՝ հարցերի կամ խնդիրների առաջացման դեպքում։
  6. Ուսուցում և վերլուծություն։ Ուշադրություն դարձրեք՝ արդյոք բրոքերը ներկայացնում է ուսուցանող նյութեր, վերլուծական հաշվետվություններ և գործիքներ, որոնք կօգնեն ներդրումային որոշումներ ընդունելիս։ Սա հատկապես կարևոր է սկսնակների համար։
  7. Միջոցների համալրման և ելքագրման հնարավորություններ։ Համոզվեք, որ բրոքերն ապահովում է միջոցների համալրման և ելքագրման հարմար և անվտանգ մեթոդներ՝ համապատասխան Ձեր պահանջներին։
  8. Լրացուցիչ ծառայություններ և առավելություններ։ Հետազոտեք լրացուցիչ բրոքերային ծառայություններ, ինչպիսիք են՝ պորտֆելի կառավարումը, ավտոմատացված ներդրումները, հասանելիությունը շուկայական հետազոտություններին և այլն։
Հուսալի բրոքեր ընտրելը պահանջում է մանրակրկիտ վերլուծություն և համեմատություն Ձեր ներկայացրած պահանջների և առաջարկվող ծառայությունների ու պայմանների միջև։
Ինչպե՞ս ընտրել ճիշտ բրոքեր
Unibank Invest-ը համապատասխանում է բնութագրվող բոլոր պահանջներին և պատրաստ է դառնալ Ձեր վստահելի ուղեկիցը ներդրումների աշխարհում։
Ներդրումներ սկսելու համար կարող եք բացել բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ զանգահարել +374 43 004 382 հեռախոսահամարով:
Օնլայն բրոքերային հաշիվ բացելը Unibank Invest-ում անվճար է։