Բլոգ 📚🎓

Որո՞նք են ներդրումային 10 հիմնական սխալները և ինչպե՞ս խուսափել դրանցից

Ներդրումները եկամուտներն ավելացնելու հզոր միջոց են, սակայն այն դեպքում, երբ դրանք խելամիտ են կառավարվում։ Ֆինանսական աճի և կայունության համար կարևոր է որոշումներ կայացնելիս հնարավորին խուսափել սխալներից և հիշել, որ ներդրումային յուրաքանչյուր որոշում կարող է ապագայում «ճակատագրական» լինել։

Ներդրողներն ի՞նչ սխալներ են թույլ տալիս և ինչպե՞ս չկրկնել դրանք․ քննարկում ենք 10 ամենատարածված ներդրումային սխալներն ու հուշում՝ ինչպես չկրկնել դրանք։

1․ Ներդրումային հստակ նպատակներ չսահմանելը
Ներդրումների ճանապարհը սկսեք հստակ քարտեզով. ձեր ներդրումային նպատակներն այդ ճանապարհային քարտեզն են: Հստակ ուրվագծված, հասանելի նպատակներ սահմանելը թույլ է տալիս չափել առաջընթացը և ամուր հիմք է ստեղծում հետագա զարգացման համար։ Կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ ներդրում եք կատարում, որքա՞ն շահույթ եք ակնկալում որոշակի ժամանակահատվածի համար, շուկայի հնարավոր տատանումների դեպքում ի՞նչ քայլեր կարող եք ձեռնարկել և այլն․․․ Այս և նմանատիպ հարցերի պատասխանները ձևավորում են այն ռազմավարությունը, որով պետք է ուղղորդվեք ներդրումներ կատարելիս։

2․ Ընկերությանը «սիրահարվելը», էմոցիոնալ կապի մեջ մտնելը
Շատ ներդրողներ էմոցիոնալ կապվածություն են ձեռք բերում այն ընկերությունների հետ, որոնց բաժնետոմսերում կատարած ներդրումները հաջողություն են ունենում և բարձր եկամուտ ապահովում։ Այո-այո, թվում է՝ այս ոլորտը միայն թվերի մասին է, բայց ոչ։

Ավելոդ էմոցիաներից խուսափելու համար հիշեք, թե ինչու եք ի սկզբանե գնել հենց այդ ընկերությունը, հիշեք, որ ներդրում եք կատարել ոչ թե սիրո այլ բիզնես նպատակներով՝ հստակ հաշվարկների հիման վրա։ Պատրաստ եղեք ըստ իրավիճակի վաճառելու ձեր բաժնետոմսերը, եթե նույնիսկ հատուկ համակրանք ունեք տվյալ ընկերության հանդեպ։

3․ Շուկան չուսումնասիրելը
Շատ ներդրողները չեն կատարում անհրաժեշտ ուսումնասիրություն նախքան ներդրումային որոշումներ կայացնելը և սխալվում են հենց այս կետում։

Նրանք հետևում են ոչ պրոֆեսիոնալ խորհուրդների, շրջանառվող լուրերին կամ որոշում են կայացնում կարճաժամկետ շուկայական միտումների հիման վրա՝ առանց սեփական նպատակներն ու ռազմավարությունը հիմք ընդունելու։

Ներդրումներ կատարելուց առաջ նախ անհրաժեշտ է հասկանալ, թե որտե՞ղ եք ներդրումներ կատարում, ի՞նչ ակտիվների մասին է խոսքը, ի՞նչ ռիսկեր կարող են լինել, զարգացման ի՞նչ ճանապարհ է անցել տվյալ ընկերությունը, ի՞նչ հեռանկար և զարգացման մոդել այն ունի, շուկայում ի՞նչ դիրք ունեն բաժնետոմսերը և մի շարք այլ կարևոր հարցեր։

Մանրակրկիտ ուսումնասիրություն կատարելը կօգնի ձեզ լինել ավելի տեղեկացված և խուսափել իմպուլսիվ քայլերից։ Հիշեք՝ ներդրումներ կատարելը միայն այն պատճառով, որ X ընկերությունը «թրենդային է»՝ կարող է ապագայում փաստի առաջ կանգնեցնել ձեզ:
4․ Համբերատար չլինելը
Կարևոր, բայց բավարար ուշադրության չարժանացող հանգամանք ներդրողների կողմից։ Արագ շահույթ ստանալու ակնկալիքով շատ ներդրողներ ավելի հաճախ կորցնում են, քան՝ ստանում։ Նրանք ակնկալում են, որ շատ արագ տեսնելու են իրենց ներդրումների պտուղները և բավարար համբերատար չեն իրական արդյունք ստանալու համար։

Անհամբեր վարքագիծը և դրա հետևանքով իմպուլսիվ որոշումները կարող են երկարժամկետ հեռանկարում ճակատագրական լինել։ Սովորեք սպասել, ճիշտ քայլեր կատարել, համբերատար լինել և համավատարիմ մնալ ձեր ռազմավարությանը։

Ներդրումները հաճախ միայն տարիներ անց են տալիս սպասված արդյունքը։

5. Սխալ խորհրդատու ընտրելը
Ֆինանսական խորհրդատուի ճիշտ ընտրությունը շատ կարևոր է ձեր ներդրումների հաջողության համար: Ոչ պրոֆեսիոնալ խորհրդատուի հետ աշխատելը կարող է հանգեցնել անորակ առաջարկությունների, անհամապատասխան ներդրումային ռազմավարության մշակման կամ նույնիսկ՝ չարդարացված վճարների, որոնք կնվազեցնեն ձեր եկամուտները:

Կարևորեք, որ ձեր խորհրդատուն ոլորտի մասին բավարար գիտելիքներ ունի, հասկանում է ձեր ֆինանսական նպատակները և գործում է ձեր լավագույն շահերից ելնելով:

Կարևորեք խորհրդատուի որակավորումը և համոզվեք, որ նրա ներդրումային մոտեցումը համապատասխանում է ձեր նպատակներին:

Վստահ լինելու համար, որ այս կետում չեք սխալվում՝ նախապատվությունը տվեք բանկերին կամ ֆինանսական այլ վստահելի կզամակերպություններին։

Արդյունավետ ներդրումներ կատարելու համար խորհրդատվություն կարող եք ստանալ նաև Unibank Invest-ի փորձառու մասնագետների կողմից։

6․ Փորձել կանխատեսել շուկայի շարժը
Վստահաբար լսել եք «Արժեթղթերի շուկայում գների բարձրացում/նվազում է սպասվում» արտահայտությունը, սակայն մի փորձեք կանխատեսել շուկայի հնարավոր տատանումները կամ գնել/վաճառել կարճաժամկետ տատանումների հիման վրա:

Շուկաներն անկանխատեսելի են․ ձեր ռեսուրսներն ու ժամանակն օգտագործեք ներդրումային այլ հնարավորություններ և ոլորտներ գտնելու համար։
7․ Ներդրումներ կատարելու «ճիշտ» տարիքը բաց թողնելը
20-30 տարեկանում ներդրումներ կատարելը թեև բարդ է, սակայն տասնյակ տարիներ անց կարող է իրական, կայուն եկամուտ ապահովել։ Բարձր կենսամակարդակ ունեցող երկրներում դեռ դպրոցական տարիներից երեխաները սովորում են ներդրումներ կատարել իրենց ապագա նպատակների համար և արդեն 20-30 տարեկանում դառնում են հմուտ ներդրողներ պրոֆեսիոնալ ոլորտներում։

Այո, ուսանողական կամ աշխատանքային կարիերայի առաջին քայլերը կատարելու տարիներին բարդ է պատկերացնել, որ հնարավոր է եկամտի մի մասը ներդնել, սակայն ֆինանսական գրագիտությունը կօգնի ճիշտ բաշխել ծախսերն ու ամսական եկամտի X տոկոս ներդնել ապագայի համար։

Ներդրումների աշխարհը լայն է և սկսնակ ներդրողները ևս կարող են այնտեղ հնարավորություններ գտնել։
Իսկ ինչպե՞ս կատարել ներդրում
Բացե՛ք անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ի միջոցով և սկսեք իրականացնել ներդրումներ։ Unibank Invest հավելվածը թույլ է տալիս մուտք գործել աշխարհի խոշորագույն բորսաներ և ձեռք բերել միջազգային ներդրումային գործիքներ, ինչպիսիք են բաժնետոմսերը, պարտատոմսերը և ETF-երը։

Բրոքերային հաշիվ բացելու համար լրացրեք առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382։
8․ Ռիսկերի կառավարումն անտեսելը
Ներդրումներն ու ռիսկերն անբաժան են, սակայն դրանց ճիշտ կառավարումը կարող է նվազեցնել կորուստները և ապահովել ավելի կայուն եկամուտ։ Ռիսկերն անտեսելով կարող եք բախվել շուկայի անկանխատեսելի տատանումներին, ընդ որում՝ անկումների, որոնք կարող են ընդհուպ մինչև անդառնալի կորուստներ պատճառել:

9․ Հավատալը, որ շատ արժեթղթեր ունենալով դուք պատշաճ կերպով դիվերսիֆիկացված եք
Շատ ներդրողներ կարծում են, որ մեծ թվով բաժնետոմսեր ունենալն ավտոմատ կերպով նշանակում է, որ իրենց պորտֆելը լավ բաշխված է: Սակայն դա այդպես չէ: Ճշգրիտ բաշխումը ոչ միայն հսկայական թվով ակտիվներ կուտակելը չէ, այլ նաև այն, որ այդ ակտիվները տարածված լինեն տարբեր ոլորտներում, որպեսզի նվազեցվի ընդհանուր ռիսկը:

10․ Առաջին քայլը չանելը

Ներդրումները ռիսկեր են պարունակում, բայց տալիս են նաև մեծ հնարավորություններ ապագայի համար: Որքան ուշ կատարեք ձեր առաջին քայլը ներդրումների աշխարհում, այնքան ավելի շատ գումար կկորցնեք ապագայում:

Դրա հիանալի անալոգիան կրիայի և նապաստակի պատմությունն է. Ձեր կյանքի ընթացքում դանդաղ, հետևողական մոտեցումն ավելի լավ է, քան վերջնագծից անմիջապես առաջ արագ ընթանալը:

Սկսեք փոքր գումարից և ընտրեք ոչ ռիսկային ոլորտներ, հմուտ խորհրդատուներ՝ ապագայում ավելի մեծ ներդրումներ կատարելու հստակ հեռանկարով։

Եզրակացություն

Ներդրումները կարող են լինել հզոր միջոց ֆինանսական աճի համար, բայց որոշումներ կայացնելիս կարևոր է խուսափել ամենատարածված սխալներից։

Հստակ նպատակների սահմանում, շուկայի ճիշտ ուսումնասիրվածություն, համբերատարություն, ռիսկերի կառավարման ճիշտ մոտեցում և ճիշտ խորհրդատուների ընտրություն․ այս ամենը կօգնեն ստեղծել կայուն և եկամտաբեր ներդրումային ռազմավարություն։ Ներդրումներ կատարելիս, հիշեք՝ յուրաքանչյուր որոշում կարող է ազդեցություն ունենալ ձեր ապագայի վրա, ուստի կարևոր է ձեռնարկել ճիշտ քայլեր և շարունակաբար սովորել։