Բլոգ 📚🎓

Ի՞նչ է ETF-ը

Exchange traded fund (ETF) - բառացիորեն «բորսայում վաճառվող ֆոնդ»: Բորսայական գործիք, որը թույլ է տալիս ներդրողին կատարել միջոցների ներդրում միաժամանակ մի քանի գործքիներում՝ բաժնետոմս, պարտատոմս, արժութային զույգ, ածանցյալ ֆինանսական գործիքներ և նույնիսկ կրիպտոարժույթ: Որպես կանոն, այդ գործիքները միավորված են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ:

Օրինակ, գնելով SPDR® S&P 500® ETF Trust-ի մեկ բաժնետոմս, ներդրողը ստանում է միաժամանակ S&P 500 առաջատար ամերիկյան ինդեքսի բոլոր բաժնետոմսերը:

ETF–ը բավականին հայտնի ֆինանսական գործիք է, քանի որ ներկայացնում է մի շարք առավելություններ՝
  1. Տարբերակման լայն հնարավորություններ – գնելով ETF-ի բաժնետոմսեր՝ ներդրողը ձեռք է բերում ակտիվների խումբ: Եթե անախորժ իրավիճակներ են լինում արժեթղթերից որևէ մեկի հետ կապված, ապա մյուսների հաշվին հնարավոր է լինում նվազեցնել կորուստները կամ ամբողջությամբ փոխհատուցել այն:
  2. Փոքր գումարներ ներդնելու հնարավորություն – ներդրողի համար շատ դժվար կամ միգուցե անհնար է միայնակ հավաքել տարբերակված պորտֆել, քանի որ յուրաքանչյուր ակտիվի գնման համար կա նվազագույն գին: Եթե մեկ բաժնետոմսը արժե $100, ապա նման 500 բաժնետոմսի գնման համար անհրաժեշտ է $50 000: Միևնույն ժամանակ ETF-ի մեկ բաժնետոմսը, որում արդեն իսկ կա ստեղծված պորտֆել, ներդրողի համար արժենալու է $100:
  3. Պորտֆելի կառավարման հեշտություն – Պորտֆելի կառավարումը բավականին ծավալուն աշխատանք է: Մշտապես պետք է գնել կամ վաճառել ակտիվներ, որպեսզի պահպանվի որոշակի կառուցվածք: Դա տանում է միջոցների և ժամանակի կորստի: ETF-ում այդ ամենը ընկնում է կառավարողի ուսերին:
ETF-ների տեսակները

ETF-ների պարզությունը և հասանելիությունը ապահովում է դրանց հանրահայտությունը և բազմազանությունը: Դրանք լինում են հետևյալ տեսակների՝

  1. Բաժնետոմսերի ETF
  2. Պարտատոմսերի ETF
  3. Խառը ներդրումներով ETF, օրինակ՝ բաժնետոմս և պարտատոմս
  4. Ինդեքսային ETF՝ հետևում է հայտնի ինդեքսի դինամիկային, օրինակ S&P500
  5. Ոլորտային ETF
  6. Ապրանքային շուկաների ETF, օրինակ՝ նավթի, ոսկու, արդյունաբերական մետաղների
  7. Էկզոտիկ ETF:
Ինչպե՞ս վաստակել ETF ձեռքբերելով

Իրենց բնույթով ETF-ները նման են ընկերության արժեթղթերին, ուստի նրանց համար շահույթ ստանալու հնարավորությունները նույնպես նման են:
  1. Փոխարժեքների բարձրացում: ETF-ները վաճառվում են բորսայում և նրա շուկայական գինը որոշվում է առաջարկով և պահանջարկով: Այն կարող է ժամանակի ընթացքում զգալիորեն տատանվել: Գնելով ETF-ի բաժնետոմս ավելի ցածր գնով, ապա այն վաճառելով բարձր գնով, ներդրողը աշխատում է տարբերության մեջ: Օրինակ, եթե արժեթղթի գնման գինը $100 է, իսկ վաճառքինը $110, ապա զուտ շահույթը կազմում է $10 կամ 10%:
  2. Շահաբաժիններ: ETF-ների մի մասը պարբերաբար իրենց զուտ զահույթի որոշակի մասը վճարում են ներդրողներին՝ շահաբաժինների տեսքով: Այսպիսի վճարումները ևս ներդրողների եկամուտի մասն են: Օրինակ, եթե ներդրողը գնել է ETFբաժնետոմս $100-ով և ֆոնդը վճարում է տարեկան շահաբաժին $5 մեկ բաժնետոմսի դիմաց, ապա ներդրողի շահույթը կազմում է $5, իսկ եկամտաբերությունը տարեկան 5%:
Ինչպե՞ս գնել ETF

ETF-ների մեծամասնությունը շրջանառվում են բորսայում, բայց սովորական ներդրողը չի կարող անմիջապես ձեռք բերել այն: Այս նպատակով նա պետք է օգտվի բրոքերի՝ ֆինանսական շուկայում միջնորդի, ծառայություններից: Այդպիսի միջնորդ է հանդիսանում UNIBANK Invest-ը:
Ռիսկերը

ETF-ները կարող են ապահովել բարձր շահույթ ներդրողների համար, բայց նրանց եկամտաբերությունը երաշխավորված չէ: Ներդրումները այսպիսի արժեթղթերում կապված են մի շարք ռիսկերի հետ՝
  • Շուկայական ռիսկ – ETF-ի շուկայական արժեքը մշտապես փոփոխվում է ժամանակի ընթացքում, այն կարող է ինչպես աճել, այնպես էլ նվազել՝ պայմանավորված տարբեր գործոններով: Ըստ այդմ, ոչ բարենպաստ ելքի դեպքում վաճառքի գինը կարող է ցածր լինել գնման գնից:
  • Իրացվելիության ռիսկ – իրացվելիությունը ETF-ները ցածր կորուստներով գնելու և վաճառելու կարողությունն է: Ամերիկյան կամ եվրոպական բորսաներում ցուցակված հայտնի ETF, ինչպիսին է օրինակ SPDR® S&P 500® ETF Trust, ավելի քիչ է հակված նմանատիպ ռիսկի: Սակայն, եթե ներդրողը գնել է փոքր էկզոտիկ ETF-ի արժեթղթեր, կարող է բախվել մի իրավիճակի, երբ չկան այդ արժեթղթերը գնել ցանկացողներ և ներդրողը ստիպված կլինի իջեցնել գինը, որպեսզի հայտնվեն ցանկացողներ:
  • Կառավարողի ռիսկ – ETF-ը կառավարող կազմակերպությունը կարող է սնանկանալ, որը կազդի ETF-ի արժեքի վրա:
Ռիսկերից որևէ մեկի կամ մի քանիսի ազդեցությունը զգալիորեն կվնասի ներդրողին: Ամբողջությամբ ապահովագրվել նման իրավիճակներից հնարավոր չէ, բայց դրանց հավանականությունը հնարավոր է նվազեցնել: Այդ նպատակով խորհուրդ է տրվում հետևել մի քանի կանոնների՝
  • Տարբերակում – սկզբունք, որը կարելի է ներկայացնել հայտնի ասացվածքով՝ «մի՛ պահիր բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ»: Եթե բաժանեք Ձեր բոլոր միջոցները տարբեր ETF-ների մեջ, ապա դրանցից որևէ մեկի հետ ծագած խնդիրը ներդրողի գրպանին չի պատճառի զգալի կորուստներ:
  • Երկարատև ներդրումներ - եթե կարճաժամկետ հեռանկարում ETF-ի գինը զգալիորեն կտատանվի, ապա ավելի երկարաժամկետ միջակայքում, օրինակ սկսած 3 տարուց, որպես կանոն, կցուցաբերի դրական եկամտաբերություն:
  • Ձեռքը պահել զարկերակին – ներդնելով ETF-ում, ներդրողը պետք է պարբերաբար իրազեկվի շուկայական դրության և ֆոնդերի նորությունների մասին: Դա կօգնի կայացնել օպերատիվ որոշումներ անբարենպաստ իրավիճակներում և նվազեցնել դրանց հետևանքները:


Ներդրումներ սկսելու համար կարող եք բացել անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ դիմել +374 43 004 382 հեռախոսահամարով: