Բլոգ 📚🎓

Ի՞նչ է ETF-ը: Ինչպե՞ս ընտրել և գնել ETF-ներ. oգտակար խորհուրդներ ներդրողների համար

գնել ETF-ներ
Exchange traded fund (ETF) - բառացիորեն` «բորսայում վաճառվող ֆոնդ»։ Բորսայական գործիք, որը թույլ է տալիս միջոցների ներդրումներ կատարել միաժամանակ մի քանի գործիքներում՝ բաժնետոմս, պարտատոմս, արժութային զույգ, ածանցյալ ֆինանսական գործիքներ և նույնիսկ կրիպտոարժույթ: Որպես կանոն, այդ գործիքները միավորված են մեկ ընդհանուր գաղափարի շուրջ:

Օրինակ, գնելով SPDR® S&P 500® ETF Trust-ի մեկ բաժնետոմս՝ ներդրողը ստանում է միաժամանակ S&P 500 ամերիկյան ինդեքսի բոլոր բաժնետոմսերը:

ETF-ը բավականին հայտնի ֆինանսական գործիք է, քանի որ առաջարկում է մի շարք առավելություններ՝
  1. Տարբերակման լայն հնարավորություններ – գնելով ETF-ներ՝ ներդրողը ձեռք է բերում ակտիվների խումբ: Եթե արժեթղթերից որևէ մեկի արժեքը նվազում է, ապա մյուսների հաշվին հնարավոր է լինում նվազեցնել կորուստները կամ փոխհատուցել դրանք ամբողջությամբ։
  2. Փոքր գումարներ ներդնելու հնարավորություն – ներդրողի համար շատ դժվար կամ միգուցե անհնար է միայնակ հավաքել տարբերակված պորտֆել, քանի որ յուրաքանչյուր ակտիվի գնման համար կա նվազագույն գին: Եթե մեկ ֆոնդային շուկայում բաժնետոմսն արժե $100, ապա նման 500 բաժնետոմսի գնման համար անհրաժեշտ է $50 000: Միևնույն ժամանակ ETF-ի մեկ բաժնետոմսը, որում արդեն իսկ կա ստեղծված պորտֆել, ներդրողի համար արժենալու է $100:
  3. Պորտֆելի հեշտ կառավարում – Պորտֆելի կառավարումը բավականին ծավալուն աշխատանք է: Մշտապես պետք է գնել կամ վաճառել ակտիվներ ներդրումային ֆոնդերում, որպեսզի պահպանվի որոշակի կառուցվածք: Դա հանգեցնում է միջոցների և ժամանակի կորստի: ETF-ում այդ խնդիրը լուծում է ոչ թե ներդրողը, այլ կառավարողը։

ETF-ների տեսակները

ETF-ները հայտնի են բազմազանությամբ, ինչը պայմանավորված է դրանց պարզությամբ և հասանելիությամբ։

Հիմնական տեսակներն են՝
  1. Բաժնետոմսերի ETF,
  2. Պարտատոմսերի ETF,
  3. Խառը ներդրումներով ETF, օրինակ՝ բաժնետոմս և պարտատոմս,
  4. Ինդեքսային ETF, որ հետևում է հայտնի ինդեքսների դինամիկային, օրինակ՝ S&P500,
  5. Ոլորտային ETF,
  6. Ապրանքային շուկաների ETF, օրինակ՝ նավթի, ոսկու, արդյունաբերական մետաղների,
  7. Էկզոտիկ ETF:

Ինչպե՞ս վաստակել գումար ETF-ների միջոցով

Բնույթով ETF-ները նման են ընկերության արժեթղթերին, այդ թվում՝ շահույթ ստանալու տեսանկյունից։

Փոխարժեքների բարձրացում

ETF-ներ ձեռք բերելու համար հարկարվոր է մուտք գործել ֆոնդային բորսա, որտեղ նրանց շուկայական գինը որոշվում է առաջարկով և պահանջարկով: Այն կարող է ժամանակի ընթացքում զգալիորեն տատանվել: Գնելով ETF-ներ ավելի ցածր գնով, ապա այն վաճառելով բարձր գնով՝ ներդրողը աշխատում է տարբերության մեջ: Օրինակ՝ եթե արժեթղթի գնման գինը $100 է, իսկ վաճառքինը՝ $110, ապա զուտ շահույթը կազմում է $10 կամ 10%:

Շահաբաժիններ

ETF-ների մի մասը իրենց զուտ զահույթի որոշակի մասը պարբերաբար վճարում են ներդրողներին՝ շահաբաժինների տեսքով: Այսպիսի վճարումները ևս ներդրողների եկամուտի մասն են: Օրինակ՝ եթե ներդրողը գնել է ETF $100-ով և ֆոնդը վճարում է տարեկան շահաբաժին $5 մեկ բաժնետոմսի դիմաց, ապա ներդրողի շահույթը կազմում է $5, իսկ եկամտաբերությունը՝ տարեկան 5%:

Ի՞նչպես ընտրել ETF-ներ

ETF-ի ճիշտ ընտրությունը հաջող ներդրման բանալին է: Ահա մի քանի քայլեր, որոնք կօգնեն կայացնել խելամիտ որոշումներ ETF-ի ընտրության հարցում:

Սահմանեք Ձեր ֆինանսական նպատակներն ու ռազմավարությունը

ETF ընտրելու նպատակով ֆոնդային բորսաներ մուտք գործելիս հաշվի առեք Ձեր ներդրումային նպատակները և ֆինանսական կարգավիճակը: Մշակեք ներդրումային ռազմավարություն` հիմնվելով Ձեր ռիսկային պրոֆիլի և ներդրումային հորիզոնի վրա:
Ի՞նչ է ETF-ը

Ուսումնասիրեք ինդեքսը, որին հետևում է ETF-ը

ETF-ների մեծամասնությունը փորձում են կրկնել որոշակի ինդեքսների կառուցվածքն ու դինամիկան. օրինակ, S&P 500 կամ MSCI World: Ուսումնասիրեք ինդեքսի կազմը` հասկանալու համար, թե ինչ ակտիվներ է այն ներառում և ինչ եկամտաբերություն է ունեցել:

Համեմատեք ծախսերը

Գնահատեք յուրաքանչյուր ETF-ի հետ կապված ծախսերը, ներառյալ՝ առևտրի միջնորդավճարները, ֆոնդի կառավարումը (ծախսերի հարաբերակցությունը) և ցանկացած լրացուցիչ վճար: Բարձր ծախսերը կարող են նվազեցնել ներդրումներից ստացված ընդհանուր եկամուտը:

Հետազոտեք իրացվելիությունը

Համոզվեք, որ Ձեր կողմից ընտրված ETF-ն ունի բավարար իրացվելիություն, այսինքն այն հնարավոր է հեշտությամբ գնել կամ վաճառել: Ավելի իրացվելի ֆոնդերի դեպքում սովորաբար ցածր է առքի և վաճառքի գների տարբերությունը, որը թույլ կտա խնայել գումարներ՝ առևտրի դեպքում:

Ուսումնասիրեք ֆոնդի չափերը

Ֆոնդի չափերը կարող են լինել հաջողության և կայունության ցուցանիշներից մեկը: Խոշորագույն ֆոնդերը կառավարվում են դրական հեղինակություն և երկարաժամկետ պատմություն ունեցող հայտնի կազմակերպությունների կողմից: Բացի այդ, որքան մեծ են ֆոնդի չափերը, այնքան ավելի հեշտ է բաժանել կորուստները, որպեսզի կոնկրետ ներդրողի համար դրանք լինեն նվազագույն: Այս ամենով հանդերձ՝ մեծ չափերը միշտ չէ, որ խոսում են ամենաբարձր որակի մասին: Երբեմն փոքր ֆոնդերը կարող են լինել ավելի ճկուն և արագ արձագանքել շուկայական փոփոխություններին:

Ինչպե՞ս գնել ETF․ ռիսկերը

ETF-ները կարող են ապահովել բարձր շահույթ ներդրողների համար, բայց նրանց եկամտաբերությունը երաշխավորված չէ: Եթե պատրաստվում եք կատարել ETF ներդրումներ արժեթղթերում, պետք է նկատի ունենալ համապատասխան ռիսկերը`

  • Շուկայական ռիսկ – ETF-ի շուկայական արժեքը մշտապես փոփոխվում է ժամանակի ընթացքում, այն կարող է ինչպես աճել, այնպես էլ նվազել՝ պայմանավորված տարբեր գործոններով: Ըստ այդմ՝ ոչ բարենպաստ ելքի դեպքում վաճառքի գինը կարող է ցածր լինել գնման գնից:
  • Իրացվելիության ռիսկ – իրացվելիությունը ETF-ները ցածր կորուստներով գնելու և վաճառելու կարողությունն է: Ամերիկյան կամ եվրոպական ֆոնդային բորսաներում ցուցակված հայտնի ETF-ները, ինչպիսին է, օրինակ, SPDR® S&P 500® ETF Trust-ը, ավելի քիչ են հակված նմանատիպ ռիսկի: Սակայն, եթե ներդրողը գնել է փոքր էկզոտիկ ETF-ի արժեթղթեր, կարող է բախվել մի իրավիճակի, երբ չկան այդ արժեթղթերը գնել ցանկացողներ և ներդրողը ստիպված կլինի իջեցնել գինը, որպեսզի հայտնվեն ցանկացողներ:
  • Կառավարողի ռիսկ – ETF-ը կառավարող կազմակերպությունը կարող է սնանկանալ, որը կազդի ETF-ի արժեքի վրա:

Ռիսկերից որևէ մեկի կամ մի քանիսի ազդեցությունը զգալիորեն կարող է վնասել ներդրողին: Ամբողջությամբ ապահովագրվել նման իրավիճակներից հնարավոր չէ, բայց դրանց հավանականությունը հնարավոր է նվազեցնել: Այդ նպատակով խորհուրդ է տրվում հետևել մի քանի կանոնների՝
  • Տարբերակում – սկզբունք, որը կարելի է ներկայացնել հայտնի ասացվածքով՝ «Մի՛ պահիր բոլոր ձվերը մեկ զամբյուղի մեջ»: Եթե բաժանեք Ձեր բոլոր միջոցները տարբեր ETF-ների մեջ, ապա դրանցից որևէ մեկի հետ ծագած խնդիրը Ձեր գրպանին չի պատճառի զգալի կորուստներ:
  • Երկարատև ներդրումներ – Եթե կարճաժամկետ հեռանկարում ETF-ի գինը զգալիորեն տատանվի, ապա ավելի երկարաժամկետ միջակայքում, օրինակ սկսած 3 տարուց, որպես կանոն, կցուցաբերի դրական եկամտաբերություն:
  • Ձեռքը պահել զարկերակին – Ներդնելով ETF-ում՝ ներդրողը պետք է պարբերաբար իրազեկվի շուկայական դրության և ֆոնդերի նորությունների մասին: Դա կօգնի կայացնել ճկուն որոշումներ անբարենպաստ իրավիճակներում և նվազեցնել դրանց հետևանքները:


Եթե ցանկանում եք ներդրումներ կատարել, բացեք անվճար բրոքերային հաշիվ Unibank Invest-ում՝ լրացնելով առցանց հայտը կամ զանգահարեք +374 43 004 382 հեռախոսահամարով: